Պատմություն · Uncategorized

Ապրիլի 15-19

1. Պատրաստվե՛ք ներկայացնելու «Հայկական պետականության նախարարական շրջանը» թեման.
ա/ Վարդանանց պատերազմը /450-451թթ./
բ/ Վահանանց պատերազմը /481-484թթ./-/բանավոր, դասագիրք, էջ 131-138/.

Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /գրավոր, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.

Վարդան Մամիկոնյան

Հայոց սպարապետ (422-451թթ.-ին)

Վարդան Մամիկոնյանը (Վարդան Մամիկոնյան Մեծ, Քաջ Վարդան, Կարմիր Վարդան) (391թ.- 26. 05. 451թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451թթ-ի ազատագրական պայքարի առաջնորդը, սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Սահակ Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին: Սովորել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան դպրոցում: Մասնակցել է մի շարք պատերազմների, իրեն դրսևորել որպես խիզախ զորական: 422թ.-ին Պարսից Վռամ Ե Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, 432 թ.-ին՝ մազպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 442 թ.-ին Պարսից Հազկերտ Գ արքան Վարդան Մամիկոնյանի ղեկավարած Հայոց այրուձին հանել է Հայաստանից և ուղարկել պատերազմի քուշաների (հոների) դեմ: 449 թ-ին վերադարձել է Հայաստան, մասնակցել Արտաշատի ժողովին, որ մերժել է զրադաշտականության ընդունումը հայերի կողմից և դարձել սկսվող ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը: 449 թ.-ին Հայաստանից վտարել է պարսիկ մոգերին և թոթափել  պարսկական լուծը: Համատեղ պայքարի դաշն է կնքել Աղվանից ու Վրաց մարզպանությունների հետ և օգնության խնդրանքով պատվիրակություն ուղարկել Բյուզանդիայի Մարկիանոս կայսր մոտ, սակայն վերջինս մերժել է օգնության խնդրանքը և դրա մասին տեղեկացրել Հազկերտ Գ-ին: 450 թ.-ի ամսանը Աղվանքի Խաղխաղ վայրում հաղթել է պարսիկ Սեբուխտի պատժիչ զորաբանակին, քանդել պարսկական ամրությունները, հայ-աղվանական միացյալ ուժերով ոչնչացրել Ճորա պահակի (Դարբանդի կիրճ) պարսկական կայազորը, փոխօգնության դաշն կնքել հոների հետ և աշնանը վերադարձել Հայաստան: 450 թ.-ի աշնանը Արտաշատում գումարված ժողովում ընտրվել է Հայոց տանուտեր (թագավոր) և սպարապետ: 451 թ.-ի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտում եղել է Հայոց 66000-անոց բանակի գլխավոր հրամանատարը, թշնամու դեմ կռվել դյուցազունի պես և զոհվել մարտում: Ավարայրի ճակատամարտի և հետագա պայքարի արդյունքում պարսկական արքունիքը ստիպված է եղել հետ կանչել իր զորքերին, ճանաչել մարզպանական Հայաստանի ինքնավարությունը, հրաժարվել կրոնափոխությունից, թեթևացնել հարկերը: Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի Սուրբ Նահատակների» շարքը: Նրան է նվիրված «Նորահրաշ» շարականը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը Վարդան Մամիկոնյանի հիշատակին 1920 թ.-ի հունիսին հիմնել է «Սուրբ Վարդան զորավար» շքանշանը, Հայաստանի Երրրորդ Հանրապետությունը 2002 թ.-ին՝ «Վարդան Մամիկոնյան» զորավարական շքանշանը: Վարդան Մամիկոնյանի կերպարի արտացոլումն են Ղևոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» գրական ստեղծագործությունները, Երևանի կենտրոնում կանգնեցված Երվանդ Քոչարի անզուգական քարարձանը: Նրա անունով կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Վահան Մամիկոնյան
Հայոց սպարապետ (482-487թթ-ին)

Հայոց մարզպան (487-505թթ-ին)

Վահան Մամիկոնյանը (440-ական թթ.-ին — մահվան թվականն անհայտ) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, 451 թ.-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին: Ավարայրի ճակատամարտից հետո եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատել է եղբայրներին պատանդությունից և իր տանը ստանձնել է նրանց դաստիարակության գործը: Ավագության իրավունքով Վահան Մամիկոնյանը դարձել է Մամիկոնյան տան նահապետ: 470-ական թվականներին սկսված ազգային-ազատագրական շարժումներն ակտիվացել են կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու և Վահան Մամիկոնյանի հայրենասիրական գործունեության հետ: Շուտով Վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալը ապստամբել է պարսիկների դեմ և ստեղծված նպաստավոր իրավիճակում Շիրակում կայացած գաղտնի խորհրդաժողովում հայերը ևս պարզել են ապստամբության դրոշ՝ մարզպան ընտրելով Սահակ Բագրատունուն և սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին: Հայկական զորքերը գրավել են Արտաշատը, իսկ պարսիկ մարզպան Ատրվշնապսը հեռացել է Ատրպատական: 482 թ.-ին հայկական զորամիավորումները պարսիկներին հաղթել են Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերում, սակայն վրացիներին օգնելու նպատակով Կուր գետի ափին, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտվել են: Զոհվել են Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը: Վահան Մամիկոնյանն այնուհետև վարել է հիմնականում պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղթելու հնարավորությունից: 484 թ.-ին հեփթաղների դեմ կռվում Պարսից արքա Պերոզը զոհվել է և նոր արքան՝ Վաղարշը սկսված գահակալական կռիվներում ունենալով Հայկական այրուձիու կարիքը՝ վճռել է Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունների միջոցով լուծել խաղաղության խնդիրը: Սահմանամերձ Հեր գավառի Նվարսակ գյուղում հանդիպել են Վահան Մամիկոնյանը և Պարսից արքունիքի դեսպան Նիխոր Վշնասպդատը: Վահան Մամիկոնյանը ներկայացրել է պայմանագրի իր պահանջները, դրանք ընդունվել են և ստորագրվել է Նվարսակի պայմանագիրը: Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին ճանաչել է Հայոց սպարապետ: 487 թ.-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն և վերադարձել Հայոց մարզպանի կարգավիճակով: Նվարսակի պայմանագիրը մոտ 60 տարի առաջ պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար քաղաքական մեծ նվաճում էր: Պայմանագրով հաստատվել է Հայաստանի հոգևոր-մշակութային անկախությունը և վարչա-քաղաքական ներքին ինքնավարությունը, ապահովվել է հավատի լիակատար ազատությունը: Վահան Մամիկոնյանը ձեռնամուխ է եղել երկրի բարեկարգմանը: Վերանորոգել է Էջմիածնի Մայր տաճարը, աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն: Վերջինս Վահան Մամիկոնյանի պատվերով գրել է «Հայոց Պատմություն» կոթողային աշխատությունը:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s